«Իրատեսը» վերջերս գրել էր, որ իշխանությունը ցանկություն ունի «Ալյանս» և «Ռեֆորմիստներ» կուսակցությունների միավորումից «ստանալու» ռուսամետ ուժ, որի խորհրդարանական ցուցակում կարող են լինել ՀՀԿ-ից «դուրս մնացածները»: Այս առնչությամբ «Ալյանս» կուսակցությունը հայտարարություն էր տարածել` հերքելով միավորման մասին լուրը:
ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ («Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր)
-Պարոն ՈՒրիխանյան, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Դուք բացառո՞ւմ եք որևէ ուժի հետ դաշինք կազմելու հավանականությունը:
-Մենք կարող ենք քննարկել նորաստեղծ ընդդիմադիր քաղաքական որևէ ուժի հետ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափը, եթե այն ընդունի մեր կուսակցության քաղաքական կուրսը և ծավալի իր գործունեությունը «Ալյանսի» շուրջ:
-Ի՞նչ չափորոշիչով եք ճշտելու` ո՞րն է ընդդիմադիր քաղաքական ուժ:
-Նախ և առաջ՝ իշխանական համակարգում ներգրավված չլինելու և քաղաքական մեծամասնության կուրսին չօժանդակելու չափորոշիչով:
-Շատ խորհրդարանական և արտախորհրդարանական որոշ ուժեր իրենց ընդդիմադիր են համարում, բայց ակնհայտ է, որ նրանցից շատերը «գործում» են իշխանության դաշտում: Ինչպե՞ս եք տարբերակում նրանց:
-Պետք է ունենան սեփական քաղաքական կուրս և անհամաձայնություն հայտնեն իշխող ուժին՝ առանցքային հարցերի առնչությամբ:
-Որոշ ընդդիմադիրներ պնդում են, որ եթե այս կամ այն ընդդիմադիր ուժը չի պահանջում նախագահի, վարչապետի հրաժարականը, ուրեմն նա «իսկական» ընդդիմություն չէ:
-Որ այսօր երկիրը կառավարողներն անարդյունավետ են աշխատում և ենթակա են փոփոխման, պարզ ճշմարտություն է: Քաղաքական գործընթացներին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն ինքնին կառավարողներին փոխարինելու հայտ է ներկայացնում: ՈՒմ վերմակն իր ոտքերին համարժեք է փռվում, այնքան էլ կարող է հրաժարականների պահանջ ներկայացնել: Ընդհանուր առմամբ, ընդդիմադիր քաղաքական ուժը պետք է պահանջի և՛ նախագահի, և՛ վարչապետի, և ԱԺ-ի մեծամասնության փոփոխություն:
-Դուք օրերս հայտարարեցիք, որ հանրությանը ցնցող տեղեկություն եք հրապարակելու. ե՞րբ սպասենք «ցնցումների»:
-Շատ մոտ ապագայում՝ մինչև արձակուրդները:
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ